вторник, 10 января 2017 г.

Երբ կողքիս վստահելի տղամարդ է ես ինձ շատ պաշտպանված և հանգիստ եմ զգում

«Երջանիկ է նա, ով նախօրեին կատարած աշխատանքում տեսնում է իր կամքի դրսևորման հետքերը»: ԱԼԵՆ



Մեր զրուցակիցն է  «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ -ի նախագահ, իրավաբան և  բանասեր, բազմազավակ մայր և պարզապես հրաշալի մարդ ու յուրօրինակ անհատականություն՝   Մարգարիտա Հովսեփյանը:

1. Ո՞վ է Մարգարիտա Հովսեփյանը որպես մայր և որպես տատիկ:

Որպես մայր և տատիկ  ինձ այնքան էլ չեմ հավանում, քանի որ շատ քիչ ժամանակ եմ ունենում երեխաներիս հետ շփվելու համար: Ուստի, օրվա այն  քիչ հատվածը, որը  ինձ կապում է  երեխաներիս հետ, աշխատում եմ լցնել սիրով և ջերմությամբ: Շատ եմ ուզում, որպեսզի   որդիներս  լինեն՝  գիտակից, ինտելեկտով բարձր, բարի, պարկեշտ, նպատակասլաց, և ամենակարևորը՝ պիտանի մարդիկ մեր երկրի համար: Թե որքանով ինձ կհաջողվի իրենց մեջ սերմանել նշված կարևոր հատկությունները, ժամանակը ցույց կտա:

2. Ժամանակակից քաղաքականությունը իրենից ներկայացնում է ոչ թե պայքար մարդկանց, այլ հասարակության մեջ: Ինչպե՞ս եք Դուք Ձեզ տեսնում այդ պայքարում:

Ես անձամբ շատ եմ հավատում արդարությանն ու ճշմարտությանը, ըստ իս ՝ դրանք են բարձրագույն  բարոյական նորմերը:  Միշտ պայքարել եմ, պայքարում եմ և պայքարելու եմ հանուն արդարության և ճշմարտության: Հայ ազգը պատկանում է աշխարհի հնագույն քաղաքակիրթ ժողովուրդների շարքին, սակայն այսօր իմ ժողովուրդը ապրում է ոչ այնքան արժանապատիվ կյանքով: Ես պայքարում եմ մեր երկրում կարգուկանոն հաստատելու համար, պայքարում եմ  կիրթ, օրինակելի, քաջ, բարձր բարոյական գիտակցություն  ունեցող  հասարակություն ձևավորելու  համար:

3. Որևէ հիշարժան դեպք կարո՞ղ եք պատմել ամուսնացած տարիներից: Կարծում եմ ամեն դեպքում սիրելով եք ամուսնացել: Ո՞ր քայլից հետո հասկացաք,  որ սիրում եք տղամարդուն:

Շատ կարճ կպատասխանեմ Ձեր հարցին՝ տղամարդուն սիրում եմ միայն այն դեպքում, երբ վստահում եմ,  իսկ հիասթափվում, երբ նա  կորցնում է վստահությունս:
Ամենահիշարժանը ամուսնացած տարիներից՝ որդիներիս  ծնունդներն են:

4. Երկու հզոր ծառ դժվարությամբ են աճում իրար կողքի: Դուք ուժեղ կին եք:  Ձեր կողքին արդյո՞ք կդիմանար ուժեղ տղամարդը:

Նայած, թե ուժեղ ասելով ի՞նչ ենք հասկանում: Ինձ հետ և շատ հեշտ է , և շատ դժվար:  Ես  տղամարդուց ողջ կյանքում պահանջել եմ ընդամենը մեկ, բայցևայնպես, շատ կարևոր մոտեցում՝ վստահություն: Երբ կողքիս վստահելի տղամարդ է, ես ինձ շատ պաշտպանված և հանգիստ  եմ զգում: Իսկ երբ կողակիցս կորցնում է  վստահությունս,  ապա բացի դատարկությունից ուրիշ ոչինչ չեմ զգում: 

5. Ինչպե՞ս  ծնվեց  «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հասարակական կազմակերպության  հիմնադրման գաղափարը:

Տարիներ առաջ՝ մի անհաջող գործարքի ժամանակ, ինձ շատ լուրջ նյութական  հարված  հասցրեցին գործընկերներս: Իհարկե, իրավաբանի մասնագիտությունը ինձ շատ օգնեց, չնայած նրան, որ մինչ օրս դեռ ամբողջությամբ չեմ կարողացել ազատվել այդ հսկայական վնասից: Սակայն, բարոյական վնասը ավելի մեծ էր ու  մտածեցի, եթե  չլինեի իրավաբան, ապա ինչպես կկարողանայի պաշտպանվել և ինչպես են պաշտպանվում այն բազմազավակ ընտանիքների կանայք և տղամարդիկ, ովքեր  չունեն բավականաչափ փորձ, գիտելիք, համառություն և համարձակություն… Այդ ժամանակ  ծնվեց բազմազավակների պաշտպանությամբ  զբաղվելու գաղափարը: 2011 թվականի մայիս ամսին  հիմնեցի « Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հասարակական կազմակերպությունը և շատ մեծ դժվարությամբ, սակայն ինձ բնորոշ համառությամբ և համբերությամբ ծավալեցի  բազմազավակներին  աջակցելու գործունեությունը:

6. Հիշարժան դեպք Ձեր կյանքից կարո՞ղ եք վերհիշել:


Փորձել եմ ինձ նաև քաղաքականությունում,մասնակցել ազգային ժողովի ընտրություններին և արժանացել հասարակության բարձր գնահատականին։ Դա էլ հերթական լուսավոր պատմությունն իմ կյանքից:


Եվ  վերջում, բլից հարցում , ակնկալում ենք լսել Ձեր անկեղծ պատասխանները.

1.Բնութագրեք Ձեզ մեկ բառով:

Կներեք, բայց երկու բառ է՝  շատ  նպատակասլաց:

2.Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:

Կյանքի իմաստ:

3.Գիրք, որը պարտադիր պետք է կարդալ:

Աստվածաշունչ, «Տիգրան Մեծ», հեղինակ Հայկ Խաչատրյան:

4. Ո՞ր գույնի պակասն եք հաճախ զգում Ձեր  ներկապնակում:

Վարդագույն:

5.      Արարք, որի համար հաճախ ափսոսում եք:


Երբեք , որևէ բանի համար չեմ ափսոսում:



Շնորհակալություն հարցազրույցի համար, ցանկանում ենք Ձեզ ստեղծագործական և աշխատանքային վերելքներ ու բազում  հաջողություններ:


Ձեզ նույնպես շնորհակալություն:

Հարցազրույցը վարեց՝ Արամ Խաչատրյանը/ ԱՐԽԱ