понедельник, 13 февраля 2017 г.

... Հասկացա, որ բարությունն է վերացել...

Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա: 
Թեոդոր Ռուզվելտ
 

Ապրիլյան քառօրյա պատերազմն անջնջելի հետք թողեց գրեթե յուրաքանչյուրիս սրտում, հոգում... Գրող Աննա Կոստանյանն այն եզակի մարդկանցից մեկն է, ով ոչ միայն հոգու խորքում մեծ ցավ ապրեց, այլև փորձեց անմահացնել մերօրյա հերոսներին:

 Խոսքը «Անմահության մարտիկներ»  խորագիրը կրող գրքի մասին է. այն դեռևս չի հանձնվել տպագրության և բարի ու սրտացավ մարդկանց աջակցության կարիքն ունի: Յուրաքանչյուր զինվորի մասին նոթագրում անելուց առաջ Աննան այցելել է ընտանիքներին, տեղեկացել նահատակված հերոսի նախասիրություններին, կենցաղին և նիստուկացին: Ըստ էության, այս գիրքը կարևոր նշանակություն ունեցող աշխատություն է, և մատաղ սերնդին հայեցի կրթելու համար արդիական է ու շատ նպատակային: Ցավով պետք է նշեմ, որ հովանավորության համար պետական մարմիններին բազմիցս դիմելու արդյունքում , Աննա Կոստանյանը պաշտոնական այրերի կողմից մերժված նամակների մի ամբողջ տրցակ ունի, որը, ինչ խոսք, գովելի երևույթ չի կարող համարվել: Մեր զրույցի  վերջում հրաշալի մարդ, անկեղծ զրուցակից և պարզապես հայրենասեր ու գեղեցկուհի Աննա Կոստանյանը հավելեց, որ ցանկացած առիթի դեպքում իր խոսքը սկսել է սահմանին կանգնած զինվորից ,  ում շնորհիվ մենք տանը տաքուկ նստած արարում ենք և ապրում: Մեջբերում. 
«Չկրկնվելու համար վերջերս մի գրառում արեցի և հասկացա, որ բարությունն է վերացել, և ձոնեցի այս տողերը՝ խոնարհումս բերելով բոլոր ծնողներին, փառք ու պատիվ ասելով  բոլոր ժամանակների հերոսներին»:  


Բարություն
էլ չկա՝ 
Վերացել է սերը
Նախանձը շատացել՝ 
Չարն է դարի տերը
Կոտորում են իրար՝ 
Հարազատ և օտար
Ու կործանում կյանքեր՝ 
Ջահել երիտասարդ
Զգաստացե'ք մարդիկ՝ 
Սերն է փրկարարը
Գթացեք դուք իրար՝ 
Հարգանքն է դարմանը
Մի կարճ կյանք ենք ապրում
Ապրենք այն նամուսով 
Մեզանից հետո ,որ 
Թողնենք հուշեր բազում :
Ա. Կոստանյան 

Նյութի հեղինակ՝ Արամ Խաչատրյան (ԱՐԽԱ)