воскресенье, 19 марта 2017 г.

Ընտրության հարցում քիչ ենք սխալվում

«Գիտե՞ք, թե ինչ է նշանակում` նկարահանվել ֆիլմում. պատկերացրեք, որ դուք լոգանք եք ընդունում, և հենց այդ պահին ձեր լոգարան էքսկուրսիա են բերում»: 

Ֆաինա Ռանևսկայա


Մեր զրուցակին է՝ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը , ով նաև հանդիսանում է «Խաղեր» (1990թ.), «Հոսք» (1997թ.), «Սուրբ ծեսերի երկիր» (2001թ.), «Մարիամ» (2005թ.) ժապավենների և  «Արարատից Սիոն» 2009թ. փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը :


1. Ի՞նչ ֆիլմ եք նկարահանում այս պահին։ 


Նկարահանում ենք «Սարը» ֆիլմը և լիարժեք պատկերացում կազմելու համար, անշուշտ, պետք է դիտել այն: Երեք առանձին պատմություններ են. առաջին հայացքից մեկը մյուսի հետ կապ չունեցող սյուժեներ են, սակայն կա առանցքային մի բան, որը կապող օղակ է հանդիսանում: Երեք մասից բաղկացած լիամետրաժ ֆիլմ է՝ յուրաքանչյուր մասը 30 րոպե տևողությամբ: ֆիլմը սկսվում է 21-րդ դարի իրադարձություններով, ապա սահուն կերպով անցում ենք կատարում դեպի 11-րդ դար։ Առաջին նկարահանված հատվածը 21-րդ դարի նովել է, երկրորդը՝ Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքի մոտիվներով է: Մեզ հայտնի է, որ  Սուրբ Գրիգոր Նարեկացին մահացել է 11-րդ դարում՝ 1003 թվականին. երրորդ դրվագի հիմքում ընկած է 17-րդ դարում ապրած մի սուրբ ճգնավորի կյանքի վկայություն, ով աղոթքներով մարդ էր բուժում, բժշկում: Ասում են՝ նույնիսկ մահացած մարդուն է կենդանություն տվել, սակայն ես այդ պատմությունը վերափոխել եմ և տարել 1003 թվական․․․ Ինչևէ, չէի ցանկանա փակագծերը բացել:

2. Պատրաստվու՞մ եք ֆիլմը արտասահմանյան ինչ որ մրցույթի ներկայացնել...

Երբևիցե այդպիսի բան չեմ արել և չեմ էլ պատրաստվում անել: Մրցույթի համար ֆիլմ չենք նկարում. նկարում ենք, որովհետև ուզում ենք նկարել, և դա կարևոր է հենց այս պահին: Մեր նախորդ ֆիլմը՝ կարճամետրաժ «The Simon’s way» ֆիլմն է, որի գլխավոր հերոսը  Շանթ Հովհաննիսյանն է: Երկու ամսվա ընթացքում այն  20 միջազգային մրցանակի է արժանացել՝ Անգլիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: Ի դեպ վերջերս ստացա նամակ, որում նշված էր, որ «The Simon’s way»  ֆիլմը ստացել է լավագույն ֆիլմ, ես՝ լավագույն ռեժիսոր,  լավագույն սցենարիստ կոչումները, բայց ասել, որ ի սկզբանե ֆիլմը նկարել էինք մրցույթներին ներկայացնելու համար, իհարկե՝ ոչ: Նկարել ենք, որովհետև դա հայ-թուրքական հարաբերությունների տրագիկոմիկ հեգնանքով լցված մի պատմություն է: 1990-թվականից ցայսօր ես հայկական կինոյի տարածման ջատագովներից մեկն եմ, ուզում եմ, որ մեր կինոն չտառապի գավառամտությունով, չլինի այնպես, որ բացի մեզանից ոչ ոք այլևս չկարողանա հասկանալ ֆիլմի էությունը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր գործ, լինի դա ազգային, թե միջազգային թեմատիկայով, եթե որակյալ է, հասկանալի, ապա հասանելի է յուրաքանչյուր մարդու, լինի դա ճապոնացի, ֆիլիպինցի, շվեդ կամ այլ ազգի ներկայացուցիչ։

 3. Ինչպե՞ս կատարեցիք դերասանների ընտրույթունը, ի՞նչու հենց Շանթ Հովհաննիսյանին ընտրեցիք։

Շանթի հետ երրորդ համատեղ աշխատանքն էր սա: Կարծում եմ, որ Շանթը շատ  օրգանիկ դերասան է, մի քանի կոմպոնենտ կա, ես չեմ ցանկանում գաղտնիքները բացել, որ  ոչ մի դերասան չվիրավորվի հանկարծ և չմտածի, թե խելագարվել եմ: Ասեմ, որ շատ կարևոր է, երբ խաղընկերները զգում են միմյանց, ու տեսախցիկի առաջ կարողանում են ճիշտ և արագ կողմնորոշվել: Թատրոնում, օրինակ, շատ ավելի դժվար է, և այլ է պատկերը. դերասանը պիտի հմուտ լինի, փորձառու և բեմը, պահը զգալու հատկանիշներով օժտված լինի։ Շանթ Հովհաննիսյանը հենց այդ տիպի դերասանների թվին է պատկանում:

4. Որպես ռեժիսոր, ինչպե՞ս եք վերաբերվում հայկական հեռուստասերիալներին, չե՞ք կարծում, որ պետք է կայացած ռեժիսորը զբաղվի նկարահանման ողջ գործընթացով։

Ես այսպես կպատասխանեմ ձեզ: Անշուշտ, դուք տալիս եք մի հարց, որն էլ ունի տրամաբանական պատասխան: Այո, համամիտ եմ, բայց… Երբ կայացած ռեժիսորը փորձի նկարահանել հեռուստասերիալ, ապա դա բավականին ծախսատար կլինի: Ինչու՞, մի պարզ պատճառով, ոչ թե ռեժիսորին տրվող հոնորարն է բարձր, այլ՝ կատարած աշխատանքն է թանկ արժենում: Մի քանի դուբլ է արվում, առանց լույսերի նկարահանում չի արվում, և այդպես շարունակ... 
   
5․Ի՞նչ կարծիք ունեք դերասաններին տրվող կոչումների մասին: 

Բացարձակ տարբերություն չկա, թե ում հետ եմ աշխատում՝ վաստակավոր դերասանի, թե՝ ժողովրդական: Կոչումները ես չեմ տալիս, ու շատ հաճախ մարդիկ , ովքեր վաստակ չունեն՝ ստանում են վաստակավորի կոչում: Ես առհասարակ դեմ եմ այդ կոչումներին: Վերցնում եմ. լավ դերասան է՞, ինձ պետք է՞, էս դերը իրե՞նն է, կամ իրենը չի, ունի՞ վաստակավորի կոչում, թե՝ չունի, դրանք երկրորդական բաներ են: Ռեստորանից մի հրաշալի, ընդունակ մատուցողի եմ վերցրել: Այո, թատերական կրթություն ուներ այդ աղջիկը, ու հիմա այս ֆիլմում նկարվում է: Ընտրության հարցում քիչ ենք սխալվում: 

6․ Բայց համաձայնեք, որ այդ նույն կոչումը, որը չեք սիրում, կայացած արվեստագետի աշխատանքի գնահատականն է նաև:
  
Կներեք, բայց եթե այդքան վստահ եք, ուրեմն ասացեք նաև թե այդ կոչումն ու՞մ կողմից է տրվում: 

Ե'վ հանդիսատեսի, և' համապատասխան մարմինների կողմից….
Չենք կարող անտեսել, որ դերասանները հաճախ են փաստում. «Հանդիսատեսի ծափերը մեզ համար ամեն ինչ  է»: 


Ստում են: Ոչ բոլորը, իհարկե, բայց շատերն են սիրում այդ կոչումները, որոնք չեն տալիս ո՛չ հանդիսատեսը, ո՛չ ժողովուրդը, այլ՝ 8-10 հոգի մարդ: Հիշեցնեմ կոչումների ծագումնաբանությունը: Ի.Ստալինը հնարեց երկու «հետաքրքիր»  բան՝ դերասաններին կոչումի արժանացնելը և գրանցումը: Գրանցումը հանեց, որպեսզի մարդկանց հեշտությամբ ձերբակալի, խոչընդոտներ չլինեն, իսկ կոչում շնորհելու գաղափարը հաստատեց, որպեսզի  կարողանա արվեստագետին «գնել»: Գնել և ղեկավարել նրանց, գործունեությունը վերահսկել, այդ գաղափարախոսությունը մինչև այսօր, ցավոք սրտի, մնաց: Եթե ուզում եք ամբողջ անհեթեթությունը հասկանալ, ես ձեզ մի քանի օրինակներ կբերեմ: Պատկերացրեք  այսպիսի արտահայտություն. Հոլանդիայի վաստակավոր արտիստ, ԱՄՆ արվեստի վաստակավոր գործիչ: Լսե՞լ եք նման բան, բնականաբար, ո'չ: Դա արհեստական է և ոչ կարևոր:  Երբ դու սիրված ես և ժողովրդականություն ես վայելում, ապա քեզ պետք չեն կոչումները:

 

Եվ կցանկանայինք մի քանի հարցերով ամփոփելով մեր զրույցը.

1. Ֆիլմ, որը պետք է պարտադիր նայել: 

Կարող եմ նշել մի ֆիլմի անուն,  որն ինձ համար բացահայտում էր, և 20-րդ դարի լավագույն ֆիլմն  է, դա Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» (Тени забытых предков)  ֆիլմն է: Դա ֆենոմենալ գործ է:

2. Գիրք, որը պարտադիր պետք է կարդալ:

  Ի դեպ, դուք ինձ հիշացնում եք իմ տղային, մի օր նա ասաց. «Պա՛պ, ինչի՞ց սկսեմ կարդալ, ո՞ր գիրքը կարդամ»: Արժեքավոր գրքեր շատ կան, որոնք անհրաժեշտ է կարդալ, ես մի ամբողջ տետրը պիտի օգտագործեմ անունները թվարկելու համար:  Կարող էի «Աստվածաշունչ»-ը նշել, բայց դա սովորական մարդը, էլ չեմ ասում հավատացյալ մարդը պիտի կարդա: Կարող եմ «Դոն Կիխոտ»-ից սկսել, հասնել Շեքսպիրին, ռուսական, գերմանական դասականներին: 
Աշխարհայացքի  ձևավորման  առումով կարող ենք առանձնացնել մի շարք գործեր, որոնք, սակայն, կարող են գեղարվեստական մեծ արժեք չներկայացնել: 

3. Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:

Հավատքը դա այնքան լուրջ հարց է: Եթե ասեմ հավատացյալ մարդ եմ, այո, բայց  ես կրոնական (религиозный) չեմ: Գիտակցում եմ, որ իմ գործունեությունը ինչ որ մեկի արարչական մտքի արդյունքն է: Չեմ ուզում խորանալ տրամաբանական բաների մեջ: Մարդիկ շատ հաճախ մեքենա են խնդրում, երջանկություն են խնդրում,  առանց հասկանալու, որ մեզ տրված է ամեն ինչ և մենք շատ վատ ենք վերաբերվում էդ ամեն ինչին: 

4. Եվ վերջին հարցը: Ինչու՞ ընտրեցիք հենց այս ասպարեզը:


Ես չեմ ընտրել, ես ինը տարեկանից գիտեի՝ ինչ եմ ուզում: Ուրիշ ընտրություն չէր կարող լինել: 



Շնորհակալություն հարցազրույցի համար: 

Ձեզ էլ շնորհակալություն: 



Հարցազրույցը վարեց Արամ Խաչատրյանը (ԱՐԽԱ)