среда, 1 марта 2017 г.

Ուզը չկա մարդկանց մեջ

Մարդկանց հետ մենք պետք է լինենք նույնքան քաղաքավարի, որքան նկարների հետ, որոնց սիրով ընձեռում ենք շահեկանորեն լուսավորվելու առավելություն:         
Էմերսոն 
 

Հարցազրույց « Ինդիվիդիում »  քաստինգ ստուդիայի հիմնադիր տնօրեն Աշոտ Սարգսյանի հետ

1. Աշոտ, շատերին է ծանոթ  Ձեր՝  « Ինդիվիդիում » քաստինգ ստուդիան և, կարծում եմ, ընթերցողին կհետաքրքրի նաև, թե ինչպե ՞ս և ե՞րբ ծնվեց ստուդիա ստեղծելու գաղափարը: 

2008 թվականի վերջում երջանկահիշատակ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը հրավիրեց ինձ նկարահանման: Այն ժամանակ հեռարձակվում էր «Փախուստ » հեռուստասերիալը, որտեղ խաղում էին՝ Նարեկ Բավեյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Մելիքսեթյանը, Աբել Աբելյանը և այլոք: Ինձ, անկեղծ ասած, հետաքրքիր էր, որովհետև ես էլ այն բազում մարդկանցից մեկն էի, ով էկրանից այն կողմ չէր տեսել էդ կյանքը: Մասնակցեցի սերիալի նկարահանումներին: Չեմ կարող ասել՝ ստացվե՞ց, թե՝ ոչ, բայց հետաքրքրությունը շատացավ: Նույն ժամանակահատվածում հրավիրեցին նկարահանվել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բլեֆ » հաղորդման մեջ, որտեղ բլեֆի «զոհը» Արմեն Պետրոսյանն էր: Ինչ խոսք, կարող ենք ստացված համարել հաղորդումը, քանի որ Արմենը բավականին բարկացավ, նույնիսկ բանը հասավ ծեծկռտուքին: 2009 թվականի սկզբներից արդեն սկսեցինք աշխատել որպես «Ինդիվիդիում քաստինգ»:

2. Հիշու՞մ եք ստուդիայի առաջին քայլերը:

Մասնագիտությամբ բժիշկ եմ՝ ատամնաբույժ, երբ դերասանական խաղն ինձ մոտ հաջողվեց, մտածեցի, որ կարող ենք գտնել ու բացահայտել թաքնված տաղանդների: Ստեղծեցինք քաստինգ–բազա, ուր ընդգրկված էին չճանաչված, սկսնակ մարդիկ, որոնց հետաքրքիր էր կինոյի, թատրոնի աշխարհը, մարդիկ, ովքեր պատրաստ էին  փորձել իրենց ուժերը դերասանության ոլորտում: Կան անձինք, ովքեր մեկանգամյա մասնակցությունից հետո հրաժարվում են հետագա համագործակցությունից: Եվ կա մարդկանց մի տեսակ, որոնք ընդմիշտ սիրահարվելով այդ արվեստին՝ դառնում են նվիրյալներ:

 

3. Ի՞ նչ կարծիք ունեք ժամանակակից սերնդի մասին: Արդյո՞ք արդի երիտասարդությունը պրոգրեսիվ է: 

Առաջ շատ ավելի առաջադեմ էին, կարծում եմ: Այսօր ամեն ինչ գտնվում է վիրտուալ աշխարհի տիրութում, երևույթ, որն ինձ համար այդքան էլ հաճելի չէ: Մարդիկ չունեն երազանքներ, ինչը շատ վատ է: Նախկինում, երբ գալիս էին ստուդիա, մարդկանց աչքերի մեջ ոգևորություն էինք տեսնում, իսկ հիմա պարզապես գալիս են գումարի, վարձավճարի մասին տեղեկանալու համար, ավելի շուտ դիտարկում են որպես աշխատանք, որպես եկամտի աղբյուր... Ժամանակին հայտնի մարդը մի փոքր անհասանելի էր, հիմա ում ցանկանաք կարող եք գտնել, ինչ մտքներովդ անցնի՝ գրել: Ամենը խառնվել է, և ձգտումը երիտասարդների մոտ պակասել է, պիտի փաստեմ. օնլայն տիրույթը փչացրեց ամեն ինչ:
Մենք չունենք մարդկանց, աուդիտորիայի պակաս, փոխվել են ժամանակները, ճաշակները: Հիմա շատացել է ծուլությունը, ալարկոտությունը: Մարդիկ ցանկություն չունեն տանից դուրս գալու, տեղում աշխատանքի բնույթին ծանոթանալու... Նախընտրում են մոնիտորի դիմաց նստել և նամակներով ստանալ հուզող հարցերի պատասխանները: Շատերը չեն էլ գիտակցում, որ պատասխանողը կարող է խաբեբա լինել: Ինչևէ, հաշվի առնելով դարաշրջանը, այսօր մենք ևս կատարում ենք օնլայն գրանցումներ:

4. Ինչի՞ց են խուսափում մասնակիցները նկարահանումների ժամանակ:

Հիմնականում հրաժարվում են համբույրի և լողազգեստով երևալու տեսարաններից: Կարծում եմ՝ դա մեր սուր մենթալիտետի նույնքան սուր դրսևորումն է:

5. Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի դերասանը, որպեսզի քաստինգներից հետո արժանանա պատվիրատուի ընտրությանը:


Աշխատասիրությամբ: Եթե հետևենք հոլիվուդյան դերասանների կյանքին, ապա կտեսնենք, որ նրանցից շատերը խաղացել են մասսայական տեսարաններից սկսած, մինչև գլխավոր դերեր, և այդ ամենը աշխատասիրության շնորհիվ: Ավետ Բարսեղյանը հետաքրքիր արտահայություն ունի, որն էլ հաճախ օգտագործում է. « Ուզը չկա մեջները »: Այդ ուզը, հետաքրքրությունը պետք է լինի: Ռեժիսորը ցանկացած պահի կարող է, նկատել՝ թե' խաղով, թե' արտաքինով էպիզոդում նկարահանվող դերասանին, և հաջորդ ներկայացմանը պատրաստվելիս կրկին նախապատվությունը տա հենց  այդ մասնակցին:

 

6. Իսկ գեղեցկությու՞նը, արտիստի՞զմը…

Ցանկալի է, իհարկե, որ դերասանն ունենա գեղեցիկ ու խնամված արտաքին: Իսկ արտիստիկ ունակությունները ստուգելու համար արվում են պրոբաներ: Դա արդեն կախված է ռեժիսորի ընտրությունից, տվյալ անհատից:

7. Ձեր մաղթանքը, կոչը  արդի սերնդին և նրանց, ովքեր պատրաստվում են քայլեր անել դերասանության, կինոյի ու թատրոնի ասպարեզում:

Թող ոչ մի բանից չքաշվեն, չերկմտեն և օգտագործեն ցանկացած հնարավորություն, շանս: Ամեն անգամ հաջողությունը չի ժպտում, ընձեռված հնարավորությունը՝ տրվում:
Շնորհակալություն հարցազրույցի համար:

Նյութի հեղինակ՝ Արամ Խաչատրյան ( ԱՐԽԱ )