пятница, 31 марта 2017 г.

Էլ կլասիկոն խորքից


Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում Մադրիդի Ռեալը Սանտիագո Բեռնաբեու ստադիոնում հյուրընկալեց կատալոնական Բարսելոնային։ Թիմերը խաղին մոտեցան լուրջ վնասվածքներով, սակայն դա չազդեց խաղի դիտարժանության վրա։ Հանդիպումն ավարտվեց 2-3 հաշվով։ Էլ Կլասիկոն ֆուտբոլասերներին ուրախացրեց գոլառատությամբ ու էմոցիաների տարափով՝ ինչպես սպասվում էր։ 
 Մի կողմ թողնենք դիտարժանության փաստն ու անցնենք վերլուծությանը։
 Ինչպես արդեն նշեցի, թիմերում կային կորուստներ, ինչի արդյունքում թուլացել էին Ռեալի պաշտպանությունն ու Բարսելոնայի հարձակումը։ Հարցականի տակ էր նաև մադրիդցիների հարձակման առաջատարներից մեկի՝ Գարեթ Բեյլի մասնակությունը, Սակայն Զիդանը նշեց, որ ուելսցին ապաքինվել է նախորդ խաղում ստացած վնասվածքից և պատրաստ է դուրս գալ դաշտ։ Հանդիպման ընթացքում համոզվեցինք, որ, այնուամենայնիվ, Բեյլն այնքան էլ պատրաստ չէր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով, ինչն էլ պատճառ դարձավ նրա անհաջող խաղի ու առաջին խաղակեսում ստացած հերթական ցավալի վնասվածքի։ 
 Այնպես չէ, որ Զիդանը չուներ վատ մարզավիճակում գտնվող Բեյլին փոխարինելու լավ տարբերակներ՝ հանձինս Ասենսիոյի և Վասկեսի։ Վառ ապացույցն առաջին խաղակեսում Բեյլին փոխարինած երիտասարդ տաղանդ՝ Մարկո Ասանսիոն էր, որը շատ լավ տպավորություն թողեց ամբողջ հանդիպման ընթացքում։ Մի՞թե Զիդանը չգիտեր, որ Բեյլին խաղադաշտ դուրս բերելը մեծ ռիսկ է՝ հաշվի առնելով ուելսցու վերջերս ստացած վնասվածքն ու մարզավիճակը։ Իհարկե' գիտեր։ Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ գերազանց մարզավիճակում գտնվող Ասենսիոն առաջին րոպեներից խաղադաշտ դուրս չեկավ։ Եթե Ռեալը խաղար ոչ թե Բարսելոնայի, այլ՝ ուրիշ թիմի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, Զիդանը կվստահեր առաջին րոպեներից հենց Ասենսիոյին։ Սակայն նա հաշվի առավ խաղի կարևորությունն ու սկզբունքայնությունը և դաշտ հանեց մաքսիմալ խաղակցված կազմ։ Այսպիսի մտահաղացման պատճառով ֆրանսիացի մասնագետը կորցրեց Բեյլին ոչ միայն այդ խաղում, այլ միգուցե մրցաշրջանի մնացած կարևորագույն հատվածում։ Բացի այդ՝ ուելսցին առաջին խաղակեսում արժեցավ փոփոխության մեկ իրավունք, որը խաղավերջում կարող էր ավելի անհրաժեշտ ու նպատակային լինել։ Հենց սա էր Զիդանի գլխավոր ռիսկը, որը չարդարացվեց։
 Եթե Զիդանի որոշումը գոնե հասկանալի էր, ապա ոչ մի կերպ չի ստացվում հասկանալ Էնրիկեի որոշումը։ Սամուել Ումտիտին հրաշալի ֆուտբոլիստ է, բայց Պիկեն և Մասկերանոն պաշտպանության կենտրոնում համագործակցային շատ ավելի մեծ փորձ ունեն։ Բացի այդ, Մասկերանոն լավ է սկսում թիմի գրոհները, ինչը շատ անհրաժեշտ կլիներ այդ խաղում։ Էնրիկեի այդ որոշումը պատճառ դարձավ պաշտպանության կենտրոնում բազմաթիվ թերացումների։ Սխալվում էին արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծելիս և շատ հաճախ չէին հասցնում ճիշտ դիրք զբաղեցնել ու փոխօգնության հասնել՝ գնդակը խլելու գործում։ Ռեալի խփած առաջին գոլը կատալոնացիների՝ արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծելու թերացման արդյունքն էր, իսկ երկրորդ բաց թողած գոլը խայտառակ իներտ պաշտպանվելու արդյունքն էր կրկին կենտրոնական հատվածում։ Երկրորդ գոլն Արքայական ակումբը խփեց, երբ գործում էր տասը ֆուտբոլիստներով, սկայն գոլային գրոհի ավարտին այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Ռեալի, այլ Բարսելոնայի կենտրոնական պաշտպանն է հեռացվել խաղադաշտից։ Ոչ ոք չէր էլ փորձում խանգարել Խամեսին, ով հանգիստ ներխուժեց տուգանային հրապարակ ու եզրափակեց Մարսելոյի փոխանցումը։
Սրանք էին մարզիչների գլխավոր բացթողումները։
Դժվար է ասել, թե ինչպես կավարտվեր հանդիպումը, եթե չլինեին Մեսսիի անծայրածիր վարպետությունն ու սառնասրտությունը։ Արգենտինացին դարձավ դուբլի հեղինակ՝ երկու դեպքում էլ օգտագործելով իր գերհզոր ունակություններն ու ապացուցելով, որ ունակ է վճռել ցանկացած խաղի ելքը։
Կային ֆուտբոլիստներ, որոնք լավ տպավորություն թողեցին ամբողջ հանդիպման ընթացքում։ Իվան Ռակիտիչը ևս բացառություն չէր, ով իր ակտիվությունն ամրագրեց խփած գեղեցիկ գնդակով։ Պետք է արժանին մատուցել նաև Արքայական ակումբին, որն անգամ մնալով տասը հոգով՝ մարտնչեց, գոլ խփեց և շատ մոտ էր ոչ-ոքի կորզելուն։ Բարսելոնայի դարպասը գրավեց Խամեսը, որը Զիդանի փայլուն խաղային հոտառության արդյունքում ճիշտ պահին, ճիշտ դիրքում դուրս եկավ դաշտ և օգուտ տվեց թիմին։ Ի տարբերություն Զիդանի, Էնրիկեն չունի հիմնական կազմին համազոր պահեստայիններ, ինչը հանդիսանում է Բարսելոնայի գլխավոր խնդիրներից մեկն այս մրցաշրջանում։
Էլ Կլասիկոյում առավել ընդգծվեցին թիմերի թե՛ առավելությունները, թե՛ թերությունները, որովհետև հենց համազոր թիմերն են առավել սեղմում միմյանց թույլ օղակներին։ Այսպիսի հանդիպումները պետք է հիմք հանդիսանան, որպեսզի մարզիչները շտկեն ու մաքսիմալ ապահով դարձնեն հետագայում թիմի ելույթները։ Նախորդ խաղերում գրեթե չէր նկատվում, որ Ռեալի կիսապաշտպանները՝ Կազեմիրոն, Կրոսը և Մոդրիչը երբեմն տարվում են գրոհներով ու պաշտպաններից կտրված են գործում։ Բայց հենց Արքայական ակումբը բախվեց այնպիսի թիմի, որն ունի գերհզոր հարձակում, այդ խնդիրներն առավել ակնառու դարձան։

Այս հաղթանակի շնորհիվ Բարսելոնան մնաց չեմպիոնության համար պայքարում։ Կատալոնացիներին մնում է առաջնության հետագա հատվածում այլևս չսայթաքել ու հուսալ, որ Ռեալը չի հասցնի վերականգնվել ու վերսկսել հաղթարշավը։ Չեմպիոնության համար պայքարի սրումից կշահեն երկրպագուները, որոնք վերջին տուրերում ականատես կլինեն էմոցիոնալ ու գերլարված մրցավեճերի։

Նյութի հեղինակ՝ Ջիվան Օհանյան