пятница, 2 июня 2017 г.

Գերհզոր բախումը եզրափակիչում


 

Հունիսի 3-ին՝ Քարդիֆի Միլենիում ստադիոնում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ ՌեալՅուվոնտուս։ Հանդիպումից սպասելիքները շատ մեծ են, որովհետև երկու թիմերն էլ այս տարի ցուցադրում են այնպիսի խաղ, որի բանալին չեն կարողանում գտնել աշխարհի ուժեղագույն մարզիչները։
 Սկսենք Ռեալից։
 Մադրիդյան ակումբը ցուցադրում է արագ, գեղեցիկ ու մոտիվացիոն ֆուտբոլ։ «Մադրիդյան բնավորություն» բառակապակցությունն արդեն թևավոր խոսք է դարձել ռեալի երկրպագուների շրջանակում, որովհետև Զիդանի թիմը պայքարում է մինչև վերջին շունչը, երբեք չի հանձնվում և հաճախ կորզում է հաղթանակը հանդիպման վերջին վայրկյաններին։ Աչք է շոյում յատկապես պաշտպանությունից դուրս գալու գործընթացը։ Սերուցքայիններն այնպիսի ճշգրիտ և արագ փոխանցումներով են դա անում, կարծես մրցակիցը դաշտում չէ, և իրենք անցկացնում են պարզապես հերթական մարզումը։ Այդ թեթևությունը, մինիմալ լարվածությունն ու դաշտում ֆուտբոլիստների զբաղեցրած ճշգրտագույն դիրքերը հանդիսանում է արքայական ակումբի գլխավոր զենքը։ Տպավորիչ է նաև այն, թե ինչպես են քրտնաջան աշխատում Ռեալի եզրային պաշտպանները։ Մարսելոն ու Կարվախալը ֆրզիկական մեծ ջանքերի ու ահռելի վարպետության հաշվին կարողանում են փակել իրենց եզրը ողջ երկայնքով, ինչը հարձակման եռյակին հնարավորություն է տալիս հաճախ տեղակայվել տուգանային հրապարակում, ու աղետ ստեղծել մրցակիցների համար։
 Հաճախ եզրային պաշտպանների շնորհիվ ռեալը կառուցում է ոչ միայն աշխարհի ամենավտանգավոր հարձակման տարբերակներից մեկը, այլ նաև մրցակցի տուգանային հրապարակը զարդարում համաշխարհային աստղերով՝ հանձինս Ռոնալդուի, Բենզեմայի ու Բեյլի։ Նման համաստեղությանը դիմակայել ոչ բոլորն են ունակ։ Տակտիկական առումով Ռեալը Մոնակոյի կամ Դորտմունդի Բորուսիայի կատարելագործված տեսակն է։ Այսքան առավելություններ ունենալով հանդերձ մեծ հարցական է, թե արդյո՞ք Արքայական ակումբը կկարողանա հաղթահարել Չեմպիոնների լիգայի վերջին արգելքը, ինչը խոսում է Յուվենտուսի յուրահատկության մասին։ Եթե ձեզ հարցնեն, թե ի՞նչ է իրենից ներկայացնում գրեթե կատարյալ պաշտպանությունը, առանց վարանելու նրանց ցույց տվեք Յուվենտուսի այս տարվա անցկացրած հանդիպումների մեծ մասի տեսագրությունները։ Թուրինցիները Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆում բաց են թողել ընդամենը մեկ գնդակ։ Սա ոչ միայն զարմացնող ցուցանիշ է, այլ ժամանակակից ֆուտբոլում նման արդյունքի փորձի ճանապարհին շատշատ հզոր ակումբներին չի փրկի անգամ Չինական պատը։ Յուվենտուսն ունի ԿիելինիԲոնուչի անվամբ մի պատ, որին անցնելը մեծագույն խնդիր է յուրաքանչյուր թիմի համար։ Այս երկու պաշտպանները մի ամբողջություն են, որոնք կերտում են թիմի ներկայիս ձեռագիրը։ Ալեգրիի մարզչական ճկուն մտահաղացումների շնորհիվ թուրինցիները չեն կենտրոնանում միայն պաշտպանության վրա և կարողանում են համատեղել հարձակման հետ։ Անհրաժեշտության դեպքում Յուվեն զսպանակի պես բացվում է ու լուրջ խնդիրներ ստեղծում մրցակցի պաշտպանների համար։
 Նման առավելությունների կծիկ հանդիսացող թիմերի բախմանը սպասում է յուրաքանչյուր ֆուտբոլասեր։ Չափազանց հետաքրքիր է, թե ինչպիսի՞ հակախաղ կգտնեն մարզիչները կամ ո՞վ կկարողանա թելադրել իրենը։ Հունիսի 3-ին պարզ կդառնա, արդյո՞ք Յուվեի գործող լեգենդ Բուֆֆոնը կարիերայում առաջին անգամ կկարողանա նվաՃել ակումբային ամենահզոր առաջնությունը, թե Ռեալը լիգայի պատմության մեջ առաջին անգամ կկարողանա հաղթել 2 անընդմեջ խաղարկություններում։ 

Երեկոն թեժ է լինելու․․․


Նյութի հեղինակ՝ Ջիվան Օհանյան