четверг, 29 июня 2017 г.

Այս թռիչքն, որն առաջին հայացքից թվում է դեպի վեր, կարող է հակառակ ազդեցություն ունենալ


Տրանսֆերային քաղաքականությունը հանդիսանում է ֆուտբոլի կարևորագույն գրավականներից մեկը։ Յուրաքանչյուր կես տարին մեկ տեղի են ունենում աղմկահարույց, սպասելի կամ անսպասելի տեղափոխություններ, սկանդալներ, ֆինանսական ու տակտիկական պայքարներ՝ ֆուտբոլիստներ և մարզիչներ ձեռք բերելու ակնկալիքով…
Այդ գործում բնականաբար մեծ դեր ունեն ֆինանսը, ակումբի հեղինակությունն ու աշխարհագրական դիրքը։ Գաղտնիք չէ, որ տարեցտարի տրանսֆերային շուկայում ներդրվում են ավելի ու ավելի մեծ գումարներ, սակայն վերջին 2-3 տարում համաչափ ավելացումը խախտվեց։ Միանգամից սկսեցին շրջանառվել ֆուտբոլի պատմությանն անհայտ, խելագարության հասցնող գումարներ՝ անգամ միջին կարգի ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար։ Պատճառներից մեկը Չինաստանի կտրուկ մուտքն էր տրանսֆերային շուկա, սակայն շեշտը կդնեմ ավելի շատ հետևանքների, այլ ոչ թե պատճառների վրա։
Նման անհամաչափ ֆինանսական թռիչքի օրինակներ են Նեյմարի 222 մլն-անոց հրաժարագինը և 18-ամյա Կիլիան Մբապեի դիմաց «Մոնակոյի» պահանջած գումարը՝ 180 մլն Եվրո։ Համեմատության համար հիշենք ընդամենը մեկ տարի առաջ ֆուտբոլի ամենաթանկ ձեռքբերման մասին։ Երբ Պոգբային գնելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարեց այդ ժամանակվա պատկերացմամբ ամենաանհավանական ու անկրկնելի գումարը՝ 100 մլն Եվրոյից մի փոքր ավելի, բազմաթիվ ֆուտբոլային վերլուծաբաններ արտահայտվեցին, ասելով, որ ոչ մի ֆուտբոլիստ չարժե 100 մլն-ից ավելի։ Ընդամենը մեկ տարի անց մի շարգ ակումբներ պատրաստ են կրկնակի ավել վճարել մի քանի ֆուտբոլիստների համար, բայց այս թռիչքն, որն առաջին հայացքից թվում է դեպի վեր, կարող է հակառակ ազդեցություն ունենալ։
Մի քանի տարի առաջ 24-ամյա Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Դորտմունդի Բորուսիա» և դարձավ գերմանական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Հայ ֆուտբոլիստը մեկ անգամ չի խոսել այդ մասին։ Նա նշում է, որ իր տրանսֆերի համար վճարված գումարը երբեմն խոչընդոտ էր հանդիսանում հոգեբանական առումով խաղերին ճիշտ տրամադրվելուն և ցույց տալուն այն, ինչին ինքն ընդունակ է։ Իսկ ինչպե՞ս իրենց կդրսևորեն այն ֆուտբոլիստները, որոնք չնայած մեծ տաղանդին, ամեն դեպքում երիտասարդ են ու անփորձ, իսկ ակումբը նրանց համար վճարել է անգամ պատմության ամենաթանկ տրանսֆերային գումարից չափազանց հեռու՝ 180-200 մլն Եվրո։ «Որքան շատ է ֆուտբոլիստի համար վճարում ակումբը, այնքան սպասելիքները մեծ են»։ Այս արտահայտությունը հանգիստ չի տվել ու չի տալու մի շարք ֆուտբոլիստների։ Պտտվելու է նրանց ուղեղում անընդհատ և առավելագույնը ցուցադրելու ու միանգամից անհավանականը ներկայացնելու ցանկությունը՝ խորտակել ու խորտակելու են դեռ շատ տաղանդների։
Ահա թե ինչի կարող է հանգեցնել տրանսֆերային շուկայում ներդրվող գումարների անհավանական թռիչքը։ Սրան հարմարվելու համար ֆուտբոլիստներին ժամանակ է պետք։ Հիմա ընթանում է ամենաբարդ ժամանակաշրջանը՝ ադապտացիայի գործընթացը։ Իսկ թե ադապտացման ընթաղքում քանի տաղանդներ չեն կարողանա հաղթահարել հոգեբանական բարդույթներն ու չեն ռեալիզացնի իրենց պոտենցյալի զգալի մասը, կիմանանք մոտակա մի քանի տարում։
Նյութի հեղինակ`  Ջիվան Օհանյան

Комментариев нет:

Отправить комментарий