воскресенье, 5 февраля 2017 г.

Հաճելի զգացում է, երբ հարգում են քո կատարած աշխատանքը

« Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա»: 

Հովհաննես Թումանյան  

Հարցազրույց « Ժողովրդական երգիչ  4 »  նախագծի հաղթողԳրիգոր Միրզոյանի հետ:

1. Ողջույն  Ձեզ, Գրիգո ր :  Թույլ տվեք  նախ  շնորհավորել Ձեզ ՝     նոր  տեսահոլովակի  կապակցությամբ : Եվ  առաջին հարցը. կպատմեք՝          ինչպե՞ ս    ծնվեց «Իմ  լավ  ընկեր » երգը 

Հեղինակը կանադահայ Գրիգոր Բանանցն է, ով նաեւ « Քեզ հետ ենք Արցախ» երգի հեղինակն է։ Երգը ստեղծագործելուց հետո,  հեղինակը զանգահարում է ինձ, եւ հայտնում, որ իմ ձայնին եւ տվյալներին համապատասխան երգ է գրել։ Լսեցի, փորձեցի եւ.... ստացվեց։ Երբ ձայնագրությունն արդեն պատրաստ էր, հասկացա, որ կարելի է նաեւ տեսահոլովակ նկարահանել։


2. Ի՞նչ հետաքրքիր  դեպք  կարող եք  հիշել նկարահանումներից:

 Ասեմ, որ շատ հետաքրքիր են անցել նկարահանումները։ Ինչպես արդեն նկատել եք, տեսահոլովակում իմ ընկերներն են։ Եվ, քանի որ նկարահանման տաղավարում ներկա էր նաև Գրիշա Աղախանյանը, ապա  անհետաքրքիր անցնելու մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Ուրախ, հումորային կադրերը շատ են.... Հումորն ամենուր էր։

3. Ունեք  թվով  4 տեսահոլովակ : Ո՞րն է առավել հոգեհարազատ  Ձեզ և, ո՞ր  երգը  ճանաչում  բերեց  Գրիգոր Միրզոյանին :


 Հաշվի առնելով այն փաստը, որ նախագծում իմ կատարմամբ հնչեց եւ, ինչու չէ, նաև սիրվեց « Մայրս փոքրիկ» երգը, համարում եմ այն, ինձ հոգեհարազատ, հաջողված, հանդիսատեսի կողմից  ընդունված տեսահոլովակներից մեկը։


4. Եվրոպական մի շարք քաղաքներում իրականացվելու է  «GenoRise» նախագիծը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Հայտնի է, որ ստացված հասույթը տրամադրվելու է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը և սոցիալական խնդիրների լուծմանը: Ինչպե՞ս ստացաք նախագծին մասնակցելու հրավերը:

 Կազմակերպիչներից մեկն էր նաեւ «Էխո » ՀԿ նախագահ Սերժո Օհանջանյանը, ում հետ համագործակցել էի արտասահմանյան համերգներից մեկի ժամանակ։ Առաջարկը եղավ հենց իր կողմից, ես էլ մեծ սիրով համաձայնեցի, իսկ այժմ պատրաստվում եմ համերգային շրջագայությունների։



5. Ամիսներ առաջ մենահամերգներով հանդես եկաք ՀՀ տարբեր մարզերում: Արդյո՞ք հայ հանդիսատեսը ավելի է մոտեցել ժողովրդական երգին և ինչպիսի՞ դժվարությունների հանդիպեցիք այդ ժամանակ: 

 Այո, ունեցա չորս համերգային ծրագիր, որից երկուսը Էջմիածնում էր, իսկ մյուս երկուսը՝ Սիսիանում։ « Շանթ» հեռուստատեսության « Ժողովրդական երգիչ» նախագծից հետո Հայաստանում, եւ հատկապես շրջաններում, առավել մեծ սեր վայելեց ժողովրդական երգը։ Իսկ ինչ վերաբերվում է դժվարություններին, նշեմ, որ դրանք շատ են եղել։ Այդ ժամանակ ամբողջ կազմակերպչական հարցերով զբաղվում էի ինքս, ինչն էլ ինձ համար փոքր-ինչ բարդ էր։ Տեսնելով հանդիսատեսի սերը՝ դեպի ժողովրդական, ազգային երգը, առանձնահատուկ սիրով եւ եռանդով էի աշխատում համերգային ծրագրերի իրականացմամբ։ Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին՝ անբացատրելի ուժ հաղորդելու համար։ Համոզված եմ՝ նրանք միշտ իմ կողքին են։


6. Ինչպիսի՞ համեմատություններ կարող եք անել Գրիգոր երգչի և Գրիգոր մարդու միջև:

 Բնավորությամբ անհամբեր մարդ եմ։ Եթե մի բան պետք է անեմ վաղվան չեմ թողնում։ Իսկ որպես անհատ անմիջական եմ, շփվող եւ պարտաճանաչ, ըստ իս (ժպտում է):

7. Ինչպիսի՞ն էին քո  առաջին արձագանքները « Ժողովրդական երգիչ 4»  նախագծից հետո, երբ չէին դադարում հեռախոսազանգերն ու հարցազրույցների հրավերները:

 Իհարկե, նախագծից հետո շատ էին արձագանքները՝ համերգային ծրագրերի հրավերներ, հարցազրույցներ։ Սակայն այդ ամենը դեռ սկիզբն էր։ Հետզհետե ավելի էին շատանում առաջարկները, ինչն էլ "դրդում էր" ավելի պատասխանատու մոտենալ գործին։  Հաճելի զգացում է, երբ հարգում են քո կատարած աշխատանքը։

8. Ի՞նչ նոր նախագծեր կարող ենք ակնկալել Գրիգոր Միրզոյանից 2017թվականին, բացառությամբ վերոնշյալից:

 Ունեմ նոր երգեր, որոնք գրված են հատուկ ինձ համար։ Չբացելով չակերտները՝  հավելեմ՝ կլինեն շուտով նոր տեսահոլովակներ, որոնց մասին կխոսենք հետագայում։


Եվ  վերջում, բլից հարցում , ակնկալում ենք լսել Ձեր անկեղծ պատասխանները.

1. Բնութագրեք Ձեզ մեկ բառով:

Աշխատասեր

2. Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:

 Աստված

3. Գիրք, որը պարտադիր պետք է կարդալ:

Ինձ համար դրանք մասնագիտական գրքերն են

4. Ո՞ր գույնի պակասն եք հաճախ զգում Ձեր  ներկապնակում :

ոչ մի

5. Արարք, որի համար հաճախ ափսոսում եք:

Արածներիս համար երբեք չեմ ափսոսում, չարածների՝ գուցե...

Շնորհակալությու'ն, Գրիգո'ր, հարցազրույցի համար: Ցանկանում ենք Ձեզ նորանոր վերելքներ և անխափան գործունեություն:

Ձեզ նույնպես շնորհակալություն հաճելի հարցազրույցի համար։

Հարցազրույցը պատրաստեցին՝ Արամ Խաչատրյանը (ԱՐԽԱ) և 
Աննա Վարդանովնան