суббота, 30 сентября 2017 г.

Սպորտային մեկնաբանությունը հեռուստատեսությունում



Հեռուստամեկնաբանությունը սպորտի անբաժան մասնիկն է։ Սակայն, թե՛ արտասահմանում, թե՛ հատկապես Հայաստանում, հեռուստամեկնաբանության հետ կապված խնդիրները բազմազան են։ Հայաստանում կարող ենք մատների վրա հաշվել բարձրակարգ մեկնաբաններին։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Կարծում եմ խնդիրը սպորտային հեռուստաալիքների բացակայությունն է։ Եթե ունենանք մարզական ալիքներ, ընդ որում ոչ միայն ֆուտբոլին նվիրված, այլ նաև այլ սպորտաձևերին, ապա հեռուստամեկնաբանության որակը զգալիորեն կբարձրանա։
Այժմ Հայաստանում բավական ինտենսիվ ցուցադրվում են ֆուտբոլային մրցաշարեր, սակայն դա բավարար չէ անգամ միայն ֆուտբոլ մարզաձևում երկրպագուներին բավարարելու համար։ Մրցաշար ցուցադրելու և՛ ընթացքում, և՛ խաղից հետո մեկնաբանը պետք է մանրամասն հեռուստադիտողին ներկայացնի ամեն տուրի յուրաքանչյուր խաղի վերլուծությունը։ Այսինքն, եթե ցուցադրվում է մրցաշարը, ապա պարտադիր է ցուցադրել նաև տվյալ առաջնությանը վերաբերվող առանձին վերլուծական հաղորդաշար, ինչը Հայաստանում իսպառ բացակայում է։ Հենց սա է մեր երկրում հեռուստամեկնաբանության գլխավոր հիմնախնդիրը։ Այս ամենի պատճառով է սպորտի սիրահարը նախընտրում հետևել արտասահմանյան մարզական հաղորդումներին ու ուղիղ հեռարձակումներին։ 
Փոխանակ այս ամենը շտկելուն՝ մեր հեռուստաալիքներն ավելի են բարդացնում իրավիճակը։ 
Անվերջ կարելի է խոսել մեր երկրում ծավալված՝ սպորտի հեռուստամեկնաբանության արդի բացթողումների մասին, սակայն արտասահմանում նույնպես զերծ չեն այս ոլորտի  խնդիրներից։ Ռուսական «Մատչ»-ի ալիքներով արդեն երկար ժամանակ չեն ցուցադրում Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները։ «Մատչ»-ն արդեն մոտ 2 տարի չի կարողանում համաձայնության գալ Լա լիգան ցուցադրելու հարցում, ինչի արդյունքում տուժում են միայն ֆուտբոլասերները։ Ռուս հեռուստադիտողները ստիպված են Իսպանիայի առաջնության խաղերին հետևել միայն «Սետանտա սպորտ» հեռուստաալիքով ռուսերեն մեկնաբանությամբ, սակայն այդ մեկնաբանի հասցեին քննադատությունները գնալով ավելի մեծ թափ են հավաքում։ Եթե Լա լիգան հնարավոր է դիտել ռուսերեն մեկնաբանությամբ, ապա ռուսական ալիքներով Իսպանիայի գավաթի խաղարկությունը դիտելու հնարավորությունից լիովին զրկված են երկրպագուները։ Գավաթի խաղարկությունը նրանք ստիպված են դիտել անգլերեն, իսպաներեն կամ մեկ այլ լեզվով մեկնաբանություններով։ 
Արտասահմանում սպորտային հեռուստամեկնաբանները թիմային մարզաձևերի ընթացքում մեծ ժամանակ են հատկացնում մարտավարական դասավորություններին ու վերլուծություններին՝ միևնույն ժամանակ հնարավորինս քիչ կենտրոնանալով պատմությանն ու վիճակագրությանը։ Հայաստանում լրիվ հակառակն է։ Մարզասերներին ավելի շատ հետաքրքրում է, թե ինչու թիմն ընտրեց նման մարտավարություն, կամ ինչով կարող է պատասխանել հակառակորդը, ինչպիսի սխեմա է օգտագործում մարզիչը տվյալ իրավիճակից ելնելով և այլն։ Մեր մեկնաբաններն առաջին ուշադրությունը պետք է կենտրոնացնեն այս հանգամանքի վրա և սպորտային իրադարձությունները ներկայացնեն ավելի վառ ու վերլուծական երանգով։
Հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանում և ամբողջ աշխարհում հնարավորինս կնվազեն հեռուստամեկնաբանության հետ կապված խնդիրները, ինչն ավելի հետաքրքիր, մասսայական ու կարևոր կդարձնի սպորտի նշանակությունը մեր կյանքում։


նյութի հեղինակ՝ Ջիվան Օհանյան