пятница, 6 октября 2017 г.

Դուռը բացվում է, և ներս են մտնում


Arxablog-ը   շնորհավորում է բոլոր ուսուցիչների տոնը, մաղթելով՝ արևշատություն, առողջ ու երջանիկ տարիներ, գնահատանքի ու մեծարման բազում հաճելի պահեր:



Մեր հյուրասրահում է Հրազդան քաղաքի, Հովհ. Թումանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի՝ վաստակաշատ, սիրված և իր գործին անմնացորդ նվիրված, եզակի մարդ, ուսուցչուհի Նելլի Տոնյանը:




1. Սիրելի՛,  ընկեր Տոնյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ այս ավանդական դարձած, գեղեցիկ և բարի տոնի առթիվ: Ձեր անսահման եռանդը, մայրական սերն ու գորովը, տարիների ընթացքում տվել են իրենց բարի պտուղները: Ձեր սաներն այսօր կայացած մարդիկ են, լուրջ անհատականություններ և, ամենակարևորը, սիրով, բարությամբ լի անձնավորություններ:
Այսպիսի մի հարց. Պատկերացրեք, որ ժամանակի անիվը հետ ենք պտտել և Դուք հայտնվել եք այն շրջանում, երբ մասնագիտություն էիք ընտրում: Կփոխեի՞ք ինչ որ բան:


   Շնորհակալ եմ, այսպիսի ջերմ ու անկեղծ խոսքերի համար: Գիտե՞ք, ես ծնվել և մեծացել եմ մի ընտանիքում, ուր տան մթնոլորտը շաղախված է եղել գրականության, հայրենասիրության և մանկավարժության ոգեղեն շնչով. Ծնողներս մանկավարժներ են եղել: Բնական է, որ այդ ամենը պետք է խորը հետք թողեին փոքրիկ Նելլիի հոգում:
Ես առանց վարանելու ընտրեցի մանկավարժի մասնագիտությունը, և, եթե հնարավոր լիներ երկրորդ անգամ աշխարհ գալ՝ կուզեի ծնվել նույն հոր ու մորից և անշուշտ կընտրեի նույն բնագավառը, նույն մասնագիտությունը:

2. Ասում են՝ բնության օրենքներից ոչ մի տեղ չես թաքնվի: Ձեզ համար, որո՞նք են այդ օրենքները:

  Բնությունն ունի բազմաթիվ օրենքներ, որոնք միշտ էլ օրինաչափ են և պարտադիր բոլորի համար՝  համայն մարդկության, աշխարհի, տիեզերքի:
Ես միշտ էլ հիացել եմ տարվա 4 եղանակների հերթափոխով: Գույների բազմազանությունն ու երանգները, բնության խաղերն ու շքեղությունը ես համադրել եմ, և համեմատում եմ մարդկային կյանքի փուլերի հետ...
Մեր կյանքն էլ ունի իր կանաչազարդ գարունը, որին էլ հաջորդում է ջերմ ու տաք կրակոտ ամառը, իսկ ոսկեշող, իմաստուն և խորը աշնանը փոխարինում է կյանքի ձմեռը:  Ահա սրանք են այն օրենքներից հիմնականները, որոնցից երբեք և ոչ մի տեղ չես թաքնվի:

3. Խորիմաստ և հետաքրքիր դիրքորոշում, մտածելակերպ  ունեք... Դատելով Ձեր պատասխանից՝ ենթադրում եմ, որ Դուք շատ զգացմունքային և տպավորվող անհատականություն եք: Ինձ այսպիսի մի հարց է հետաքրքրում. Ըստ Ձեզ, որ ժամանակաշրջանի դաստիարակության մեթոդներն են ճիշտ՝ չոր, սառը, կոպիտ Տեր Թոդիկի, թե՞ ...

  Ես մի պարզ ճշմարտություն գիտեմ. Դաստիարակությունը սրբազան պարտականություն է: Մենք գործ ունենք խմորի հետ և ինչպես շաղախենք, այնպիսի հաց էլ կստանանք: Նախևառաջ պետք է սեր ու հարգանք սերմանել մատաղ սերնդի հոգում, որպեսզի դրանք ծլարձակեն և հետո տան իրենց համապատասխան պտուղները: Տեր Թոդիկի մեթոդին դեմ եմ և երբեէ չեմ խրախուսել նման դաստիարակության ձևերն ու տարբերակները:

4. Իսկ տանը ո՞վ պետք է զբաղվի երեխայի դաստիարակությամբ՝ մայրը, հայրը, տատը, պապը...


  Երեխայի ծնվելուց հետո էլ մոր և մանկան կապը շարունակվում է: Դա բնության մի անբացատրելի երևույթ է, օրենք ( ժպտում է)… Ես կարծում եմ, որ հենց այդ կապը, բնազդը, նպաստում է մայրական ճիշտ դաստիարակությանը: Բայց ասեմ, որ անչափ կարևորում եմ հայրական խրատն ու խոսքը՝ որոշակի հարցերի դեպքում:


5. Ընկեր Տոնյան արդեն 38 երկար ու ձիգ տարիներ կրթում եք սերունդներին, տալիս հայեցի դաստիարակություն, ձևավորում եք անհատականություններ: Այդ դժվար, բայց սիրով ու ջերմությամբ լի ճանապարհին, Դուք անկասկած ականատես եք եղել ինչ որ զավեշտալի կամ հիշարժան դեպքերի: Կպատմե՞ք այն պատմությունը, որն ավելի շատ է տպավորվել Ձեր հիշողության, ենթագիտակցության մեջ:

  Իրավացի եք: Դեպքերն ու իրադարձությունները շատ են, բոլորն էլ հիշում եմ, իմ սրտի անկյունում յուրաքանչյուր պատմություն իր ուրույն տեղն ունի, յուրաքանչյուր պատմություն սրտիս գաղտնարանում անթեղված մի գանձ է: Ահա դրանցից մեկը՝
Մայրենիի դասաժամին իմ բալիկների հետ խոսում էի հայրենասիրությունից, անձնվեր ու անմնացորդ հայրենի եզերքին ծառայելուց, դասասենյակում մեծ ոգևորություն էր տիրում: Հայրենասիրությամբ առ լեցուն այդ միջավայրում հանկարծ դուռը բացվում է, և ներս են մտնում իմ նախկին, արդեն բանակից զորացրված սաները՝ զինվորական համազգեստներով… Պատկերացնու՞մ եք իմ ապրումները, դրանք աննկարագրելի զգացողություններ էին, որոնք ցայսօր անջնջելիորեն դրոշմված են իմ հիշողության մեջ:


6. Կա՞ մի բան, որ չասվեց զրույցում:

  Ես սիրում և հիշում եմ իմ բոլոր աշակերտներին, նրանք ընդմիշտ մնում են ինձ հետ, իմ մտքում: Գիտե՞ք, ես աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ. Երջանկությունը այն չէ, ինչ շոշափելի է և տեսանելի, այն ավելի վեհ ու բարձր գաղափար է: Ես երջանիկ եմ, որովհետև տեսնում եմ իմ տքնաջան աշխատանքի քաղցր պտուղները: Սաներս կայացած անհատներ են: Հասարակության և ազգի համար պիտանի մարդիկ… Էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար, կարծում եմ՝ ոչինչ:

7. Ձեր պատգամը:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերն են.
«Ամենադժվար մասնագիտությունը մարդ դառնալն է »:


Մարդ դարձե՛ք և մարդ մնացե՛ք, մարդի՜կ:



Թույլ տվեք նաև հնչեցնեմ բլից հարցերը.

1.   Գիրք, որը պարտադիր պետք է կարդալ:

Աստվածաշունչ:
 
2.Ձեր գույների ներկապնակում ո՞ր երանգին եք նախապատվություն տալիս:


Գրեթե բոլոր՝ դեղին, կարմիր, սպիտակ:
 
3.   Ձեր երազանքը:
 
Շարունակել կրթել և դաստիարակել նոր սերունդների:
 
4.   Բառ, որը հաճախ եք օգտագործում Ձեր առօրյայում:

Բալիկներս: ( ժպտում է) 



Շնորհակալություն բովանդակալից և միևնույն ժամանակ հագեցած հարցազրույցի համար: 

Հարցազրույցը վարեց Մարի Եգորը


Комментариев нет:

Отправить комментарий