вторник, 13 марта 2018 г.

«ԻՆՉՈՒ ԵԿԱՐ»



Չէի սպասում,բայց դու եկար:
Իսկ հիշո՞ւմ ես, թե՞ մոռացել`
Քանի գարուն ու ձմեռ է

Քո գնալուց արդեն անցել:
Տես, օջախն էլ գրկիդ նման
Դարձել է խորթ, անհյուրընկալ:

Ինչո՞ւ եկար:
Այդ ի՞նչ էր,ի՞նչ
Քո գալուստը անակնկալ.
Գիր էր, վճիռ` ճակատին քո դրոշմըված
Սուրբ խարանով Երկնավորի,
Թե արթնացման կարոտի ճիչ,
Որ քեզ հասավ խանձարուրից
Քո բարուրած մութ անցյալի:

Ինչո՞ւ եկար:
Աչքիս խամրած ծիածանը
Էլ չի կապի հույսի կամար
Քո գրկում պաղ:
Էլ չեն դառնա սաղմոս ու տաղ
Բառերը իմ քնքշաշաղախ
Առաջվա պես` ձոն քեզ համար:

Դու գնացիր,տարար քեզ հետ
Վեհ ճախրանքիս իմ թևերն էլ;
Իսկ դու գիտե՞ս`
Ինչպես էի ես ցանկանում
Օվկիաններիդ անհուններում
Անառագաստ թիավարել ..

Ես մնացի առանց թևեր:
Իմ անավարտ ու չեղարկված
Թռիչքների համար նորը
Գտնել նույնիսկ չեմ էլ փորձել:
Անկեղծ ասած, ճախրելն էլ եմ
Ես մոռացել...

Ինչո՞ւ եկար:
Իզո՛ւր եկար:
Չեմ ասելու `գալդ բարի:
Թող Տերը մեղք չհամարի:


Комментариев нет:

Отправить комментарий