понедельник, 2 апреля 2018 г.

« Փոքրիկ Ուխտավորը »


Ճանապարհը այս անգամ փոքր-ինչ երկար թվաց նրան.... Ամեն ինչ այնքան ջերմ էր, տաք ու հարազատ... Նույն դեմքերը, նույն մարդիկ... Քահանայի ձայնն այնքան մոտ էր նրա սրտին, էլ չեմ ասում շարականներն ու աղոթքները... Ու էլի ճանապարհ. ծանոթ ու անծանոթ ոլորաններ, հիշողության մեջ սեպված արձաններ ու սարեր, լեռներ, ձորեր.
-Նարե՞... Նա՜ր ջան, հասել ենք, բալես, արի՛:
Ասում եմ արի ու գրկելով, հազար ու մի մուրազով իջնում: Նարեն ծանոթ շենքերը նշմարելով՝ ուրախությունից անբարբառ «խոսում» է.... Իր ապրած տասը տարիների ընթացքում շատ եկեղեցիներ է տեսել Նարեն, բայց Սուրբ Էջմիածնում իրեն զգում է ինչպես իր հայրական տանը... Խնկի հոտը զգալով՝ հասկանում է, որ պատրաստվում ենք ներս մտնել և, որ ամենակարևորն է, հասնել խորանին և հաղորդվել:
-Աղջի'կ ջան, իզուր առաջ մի գնա, մեկ է, չեք կարող ներս մտնել..., -ասում է տատիկն ու զարմացած նայում,- գոնե իջացրու, թող քայլի...
Անձայն ժպտում եմ, աչքով եմ անում Նարեիս ու .... գնում:

Հասնում ենք բաղձալի վայրը, Սուրբ Հաղորդություն ենք ստանում և համբերատար սպասում... Փոքրիկ Ուխտավորս լավ գիտի, որ դեռ անելիք ունենք... Ահա և ցանկալի պահը. մոտենում ենք երկյուղածությամբ, ակնածանքով և իհարկե հրաշքի ակնկալիքով... Համբուրում ենք Սուրբ Գեղարդը, որն իր հետ Հայաստան էր բերել Թադևոս Առաքյալը: Սուրբ Գեղարդի զորավոր բժշկությունների մասին բազմաթիվ հիշատակումներ կան Մովսես Խորենացու վկայաբանություններում, Հայսմավուրքում և այլ պատմական աշխատություններում: 
Ուրախության անպատմելի զգացումներով դուրս ենք գալիս Մայր Տաճարից:
-Է՛, համբուրեցի՞ք Սուրբ Գեղարդը:

-Իհարկե', Տեր Համազասպ ջան, աղոթքով ու անսահման հավատով սպասելու ենք Տիրոջ զորավոր հրաշքին, որ մյուս անգամ արդեն էս կոտրված սայլակը դեն նետենք ու հստակ քայլերով, Նարեիս հետ շարական երգելով՝ Հրազդանից մեր ամբողջ եկեղեցու հավատացյալների հետ կրկին գանք Մայր Աթոռ՝ Սուրբ Գեղարդին այցի:







Հեղինակ ՄԱՐԻ ԵԳՈՐ 








Комментариев нет:

Отправить комментарий