понедельник, 2 июля 2018 г.

Մրցաշարն անցկացվում է անվճար հիմունքներով




Այսօր մեր հյուրասրահում է ՀՀ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը։

-Պրն.  Հակոբյա՛ն,  ՀՀ-ում շատ կան կարատեի տարբեր տեսակներ՝  իրենց ճյուղերով և մասնաճյուղերով։ Բայց թույլ տվեք նկատել, որ  Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան  թե՛ գովազդային  պաստառներով, թե՛  անցկացրած մրցաշարերով  և թե՛ ցուցաբերած ակտիվությամբ տարբերվում է  կարատեի մյուս ֆեդերացիաներից։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Հայաստանում իսկապես մեծ թվով ֆեդերացիաներ կան գրանցված, մոտ 3000-ից ավել։ Ընդհանուր կարատեի ոճերից գործում է 30-ը, համաշխարհային մասշտաբով կան հինգ ֆեդերացիաներ, որից չորսը ոչ կոնտակտային են և մեկը կոնտակտային։ Հենց այդ մեկն էլ  կիոկուշին կարատեն է։
Նախ ուզում եմ նշել, որ մեր ֆեդերացիան ստեղծվել է 2005թ. և այս 13 տարիների ընթացքում ներգրավել է  թվով շուրջ 3000 սաների։ 2017թ. «Հայաստանի Կիոկուշին կարատեի» ֆեդերացիան սպորտի նախարարության հովանավորության ներքո է գտնվում, մենք միակ կոնտակտային  կարատեի ֆեդերացիան ենք  ՀՀ-ում, որը գտնվում է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կազմում։ Իրականում տարբերությունը մյուս ֆեդերացիաների հետ ավելի շատ են։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան հանդիսանում է նաև միջազգային ֆեդերացիայի անդամ, ինչը նաև մեծ հեռանկարներ է ստեղծում մեր մարզիկների համար։ Մարզչական կազմը գտնվում է մարզական պատրաստվածության շատ բարձր մակարդակի վրա, հիմնական մասը սովորել և ավարտել են Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, իսկ  այն մարզիկները, ովքեր չեն ավարտել ֆզկուլտ ինստիտուտը, վերապատրաստվում են և շարունակում իրենց աշխատանքը։ Մարզիչները գտնվում են ֆեդերացիայի մշտական ուշադրության նեքո։ Բոլոր մասնաճյուղերին տրամադրում ենք անվճար մարզագույք… Այնուհետև ուզում եմ նշել մի շատ կարևոր փաստ ևս. անվճար հիմունքներով մեր սաները մասնակցում են միջազգային մրցաշարերի և այս 13 տարիների ընթացքում հասցրել են զբաղեցնել  I, II, III  անվանակարգերում 350-ից ավել պատվավոր տեղեր։ Անցած շաբաթ մեր մարզիկները մասնակցել են Հունգարիայում տեղի ունեցած առաջնությանը և կրկին հաղթանակներով վերադարձել։

-Պարո՛ն Հակոբյան, իսկ կիոկուշին կարատեն  ինչո՞վ է տարբերվում մյուս մարզաձևերից։ Կա՞ մի յուրահատուկ նրբություն, նյուանս,  որով այն առանձնանում է։

-Այո՛, իհարկե։ Բացի վերը նշված առավելություններից շատ կարևոր մի հարց էլ կա։ Ինչպես նշեցի արդեն մեր մարզաձևն ունի բազմաթիվ առավելություններ, բայց կա նաև ամենակարևորը։ Ցանկացած սպորտաձևում մարզիկների անվտանգությունն ու ապահովությունն ամենալուրջ և առաջնային հարց է համարվում, մեր մարզաձևով զբաղվողների համար ունենք հատուկ գույք՝ պաշտպանիչ շերտեր, պաշտպանիչ սաղավարտներ, որոնք հատուկ պատվիրված են Ճապոնիայում՝ մեր մարզիկների համար։Այս մարզագույքի շնորհիվ վնասվածքներ ստանալու հավանականությունը հասցվում է մինիմալի, գրեթե բացառվում է։ Հայաստանի Կիոկուշին Կարատեի ֆեդերացիան միակն է ՀՀ-ում, որ ունի նմանատիպ գույք։ Փորձում ենք ամեն գնով որակ ապահովել։

-Իսկ ձեր մարզիչներն ի՞նչ պարբերականությամբ են վերապատրաստվում։

-Մեր սաները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում,տեխնիկական մակարդակն է բարձրացվում, մարզիչների վերապատրաստման մասով ենք լուրջ աշխատանքներ տանում և ամիսը մեկ անգամ անցկացնում ենք սեմինարներ։ Սեմինարները վարում են պրոֆեսիոնալ մարզիչները, ովքեր իրենց հերթին այդ ինֆորմացիան ստանում են միջազգային մակարդակներում, նաև դրսից ենք մասնագետների հրավիրում։ Եվ հենց այս ամենի շնորհիվ է, որ այսօր ունենք այն, ինչ որ ունենք։ Ապրիլ ամսին Եվրոպայի առաջնությունն անցկացվեց հենց Երևանում, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, մասնակցեցին 27 պետություն, դա նախադեպը չունեցող երևույթ էր։ Օնլայն հեռարձակման շնորհիվ 100 ից ավել երկրներում դիտեցին մրցաշարը, իսկ Հայաստանի մարզիկները տարբեր անվանակարգերում նվաճեցին մրցանակային տեղեր։

-Այսօր  Հրազդան քաղաքի սպորտդպրոցը մարդաշատ է, կպատմե՞ք  մրցաշարի մասին։

-Կոտայքի մարզի առաջնությունն ենք անցկացնում այսօր, ամբողջ մարզում ունենք մոտ 500 սան, բայց այս պահին մասնակցում են նրանցից 300 ը։  Մրցաշարն անցկացվում է անվճար հիմունքներով, ինչն էլ ապահովում է սաների այսպիսի ակտիվ  մասնակցությունը։ Սա  նաև փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն է մարզիկների համար, որպեսզի կարողանան հետագայում մասնակցություն ունենալ հանրապետական առաջնությունում և ստանալ հնարավորություն անվճար մեկնել արտասահման։

-Իսկ ըստ Ձեր դիտարկումների, ո՞րն մարզն է ավելի ակտիվ, ո՞ր համայնքներից են մրցանակակիրներն ավելի շատ։

-Ուզում եմ փաստել, որ բոլոր մարզերն էլ ակտիվ են, իսկ երբ նկատում ենք պասիվություն՝ սկսում ենք ավելի շատ ուշադրություն դարձնել այդ մարզի սաներին։

-Եվ վերջին հարցը, պարո՛ն Հակոբյան։ Ի՞նչ ծրագրեր նախաձեռնություններ ունեք կապված Կոտայքի մարզի հետ, մասնավորապես՝ Հրազդան քաղաքի։

-Նպատակ ունենք Կոտայքի մարզում ավելի հաճախ անցկացնենք առաջնություններ, այն կդառնա ավանդույթ և կանցկացվի ամեն տարի։ Պլանավորում ենք նաև մեծ թվով սաներ ներգրավել մասնաճյուղում, բարձրացնել նրանց պատրաստվածության մակարդակը։ Առաջիկայում Ծաղկաձորում անցկացնելու ենք ամառային ուսումնամարզական հավաք, որի մասին կտեղեկանաք հաջորդիվ։

-Շնորհակալություն։   

Հարցազրույցը վարեց Մարի Եգորը

Комментариев нет:

Отправить комментарий